Եղիշե Չարենց — Ու տրտում էին

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն…

Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՜ռ ծիածան…

Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն…

Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին

Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։

Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,—
Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,—
Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։

Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա,—
Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա…

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Բանաստեղծություններ

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ…

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ստվեր.—
Ես իմ սերն եմ սիրում…