Գեղարքունիքի մարզի զբոսաշրջության գլխավոր կենտրոններ

Սևանա լիճ

Չունենալով մուտք դեպի ծով, Հայաստանն այնուամենայնիվ ունի իր  կապույտ մարգարիտը՝ Սևանա լիճը: Սևանը հայ ժողովրդի պարծանքն է և հպարտությունը: Լճի մակերեսը 1,242 կմ2 է, ջրի ծավալը՝ 32,8 մլրդ. մ3:  Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է և երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր ամենամեծ լճերից մեկը:

Սևանա լճի գույներն ու երանգները փոխվում են ջինջ երկնագույնից մուգ կապույտ և այլ հազարավոր երանգների՝ կախված եղանակից և լճի ներքին անհայտ գործընթացներից:  Լիճն ապահովում է ձկան մեծ պոպուլյացիա, այդ թվում նաև լճի վտանգված էնդեմիկ` Սևանի իշխան ձկնատեսակի պոպուլյացիա:

Ձկնատեսակն անվանել են «իշխան» ձկան գլխի՝ պսակ հիշեցնող կետերի պատճառով: Լճում շատ է նաև խեցգետինը և սիգ ձկնատեսակը (սպիտակ ձուկ):

Լիճը և հարակից լեռնային շրջակայքն առաջարկում են ակտիվ և պասիվ ժամանցի բազում հնարավորություններ: Լճի ափին կազմակերպվում են պառապլանով թռիչքներ, դայվինգ և վինդսյորֆինգ, ինչպես նաև ճամբարային հանգիստ: Այնպես որ, կարող եք ընտրել ըստ ձեր նախասիրությունների: 

Իհարկե, նկատի ունելալով ստորջրյա կյանքի բազմազանությունն և գունագեղ ջրավազանները, դժվար է համեմատել դայվինգը լճում և ծովում կամ օվկիանոսում: Սակայն սուզվելու կրքոտ սիրահարները, բաց չեն թողնում այս յուրահատուկ լեռնային լճի ստորջրյա գաղտնիքներն ուսումնասիրելու առիթը: 

Սևանավանք

Սևանավանքի միջնադարյան վանքը, որը հանդիսանում է Հայաստանում ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը, գտնվում է Սևանա լճի թերակղզում: Սևանավանքը կարևոր դեր է ունեցել հայոց պատմության մեջ՝ հատկապես մարտերի ժամանակ: Վանքի գտնվելու վայրը և այն փաստը, որ այն ամբողջովին շրջապատված էր ջրով, դարձնում էր վանքը անառիկ ռազմավարական ապաստարան: 924-925 թվականներին հայոց արքա Աշոտ Երկրորդը (Աշոտ Երկաթ) Սևանի ճակատամարտում վճռական հաղթանակ է տանում արաբական զորքի դեմ՝ վերականգնելով Բագրատունյաց թագավորության սահմանները։

Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին, որոնք հանդիսանում են վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության վառ կոթողներ: Ըստ եկեղեցիներից մեկում հայտնաբերված արձանագրության՝ այն կառուցվել է հայ արքայադուստր Մարիամի՝ Բագրատունիների տոհմի հիմնադիր Աշոտ I թագավորի դստեր կողմից:

Հայրավանք

Հայրավանք վանական համալիրը հիմնադրվել է IX-XII դդ: Համալիրը ներառում է տարբեր տարիներին կառուցված շինություններ՝ եկեղեցի, մատուռ և գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ դարի տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս կարող եք տեսնել խցերի և տնտեսական շենքերի ավերակներ։ Եկեղեցու նեղ պատուհաններից ներթափանցող արեգակի շողերը լուսավորում են կառույցը ներսից: Ենթադրվում է, որ ճարտարապետը միտումնավոր է օգտագործել արևի լույսը՝ եկեղեցին ներսից զարդարելու նպատակով։ Վանական համալիրից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը և նրա շրջակայքը։

Կոթավանք

Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը 851-901 թթ: Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ` մեծադիր, մշակված քարերով: Մուտքերն արևմուտքից և հարավից են, ունեցել են պարսպափակ բակ` կառուցված, ըստ արձանագրության, դեռևս եկեղեցուց առաջ: Սա վկայում է, որ մինչև նշված եկեղեցու հիմնարկումն էլ այնտեղ հուշարձան է եղել: Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ: Քանդված են գմբեթը և ծածկերը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *